Ճամփորդություններ·Ընթերցանության նյութեր

Գովք Հայաստանի

ՀԱՅԱՍՏԱՆ

Սա իմ երկիրն է-
չափերով այնպիսին-
որ կարող եմ վերցնել հետս,
թե մի հեռու տեղ գնամ:
Փոքրիկ՝ ինչպես ծերացած մայր,
Փոքրիկ՝ ինչպես նորածին զավակ
իսկ քարտեզի վրա
ընդամենը արցունքի մի կաթիլ…
Սա իմ երկիրն է – չափերով այնպիսին,
որ ազատորեն տեղավորել եմ սրտիս մեջ,
որ չկորցնեմ հանկարծ…

ՀԱՅԱՍՏԱՆ ԱՍԵԼԻՍ

Հայաստան ասելիս այտերս այրվում են
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս շրթունքս ճագում է
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է
Չգիտեմ ինչու է այսպես

Հայաստան ասելիս աչքերս լցվում են
Հայաստան ասելիս թևերս բացվում են
Չգիտեմ ինչու է այդպես

Հայաստան ասելիս աշխարհն իմ տունն է
Հայաստան ասելիս էլ մահն ու՞մ շունն է

Կլինեմ, կմնամ այսպես
                                                 Համո Սահյան

Հայրենիքիս

Ավետիք Իսահակյան

Պիտի փարվիմ չքնաղ լանջիդ
Գարնան վարդով ցնծուն,
Եվ մայրական անհուն շնչիդ
Ցորեն արտով ծփո՜ւն։

Կանչում ես ինձ լուսաբարբառ
Քո սիրազեղ կոչով,
Դեմքդ եմ տեսնում նոր ու պայծառ
Քո հնագեղ ոճով։

վառ ու հզոր քո ապագան
Կայծակում է իմ դեմ,
Դու, հավերժո՛ղ իմ Հայաստան,
Անուն քա՜ղցր ու վսեմ։

Оставьте комментарий